Ովքեր են ամենաշատը բացակայել ավագանու նիստերից. անուններ

97

Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերեւս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին եւ 7 վաչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, եւ վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում՝ տարբեր պատճառաբանություններով: Սակայն հայտնի է նաև, որ անհաշտ մթնոլորտ է տիրում Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, որի հրավիրած նիստերը հաճախ վերածվում են ներքին փոխհրաձգության: Դրանք հաճախ այնքան թեժ են լինում, որ տեւում են մինչեւ ուշ գիշեր:

Իշխող խմբակցության ներսում անհամաձայնությունները վառ դրսևորվում են նաև ավագանու նիստերում: Այդ նիստերի ժամանակ հաճախ են իշխանական ավագանու անդամները ընդդիմանում այս կամ այն հարցի շուրջ, իսկ դրանք հաճախ անցնում են նաև կիսադատարկ դահլիճներում, երբ բացակայում են հենց իշխանական պատգամավորները: Ստացվում է, որ «Իմ քայլում» իրավիճակն այնքան անվերահսկելի է, որ ավագանու նիստերի սրահի վերջնամասը գրեթե կիսադատարկ է լինում: Լինում են դեպքեր, երբ քաղաքային իշխանությունների հետ հարցուպատասխանի վերջում, ներկա էր ավագանու մոտ 9 անդամ: Թերեւս նման երեւույթ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դժվար է պատկերացնել:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երևանի քաղաքապետարան և պաշտոնապես խնդրել տրամադրել 2018 թվականի հոկտեմբերի 10-ից (առաջին նիստի գումարման օր) մինչեւ օրս տեղի ունեցած նիստերից ավագանու անդամների բացակաների ցանկը: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված տվյալների համաձայն, 2018 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2020 թվականի մայիսի 26-ը, տեղի է ունեցել 29 նիստ:

Եվ ահա, ուսումնասիրելով բացակաների ցանկը, պարզ դարձավ, որ 29 նիստից 14 անգամ բացակայել է ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը, 12-ական անգամներ խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը, Ռուբեմ Հայրապետյանը, Պավել Մազմանյանը: 11 անգամ ավագանու նիւստերից բացակայել են Օվսաննա Հովսեփյանն ու Կարինե Բաղդասարյանը, 10-ական անգամներ Էդգար Բարսեղյանը. Արման Հարությունյանը և Ռուբեն Սիմոնյանը: Ավագանու մյուս անդամներն արդեն ավելի քիչ թվով բացականեր ունեն: Օրինակ Աշոտ Մնացականյանը բացակայել է 9 անգամ, Լիլիթ Պիպոյանն ու Սերգեյ Ասատրյանը՝ 8-ական անգամ և այդպես շարունակ:

«Ժողովուրդ» օրաթերթը նաև փորձել է ամենաշատ բացականեր ունեցող ավագանու անդամներից պարզել՝ ինչու են այդքան հաճախ բացակայել նիստերից: Ամենաշատ՝ 14 բացակա ունեցող Արմեն Ղալեչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան նշեց. «Նիստերին չեմ հասցնում գնալ նախ ֆիզիկապես, հետո առողջական խնդիրներից ելնելով: Փորձում եմ մարդաշատ վայրեր չգնալ, բայց դա չի նշանակում, որ չեմ աշխատում: Ակտիվ համագործում եմ վարչական շրջանների ղեկավարների հետ, «հասցե առ հասցե» գնում եմ ինձ նամակով ուղարկված խնդիրների հետքերով: Ինչպես բոլորիդ՝ այնպես էլ ինձ, տարատեսակ խնդիրներով են դիմում քաղաքացիները: Մինչև վերջ փորձում եմ հետամուտ լինել խնդրի լուծմանը: Նիստերին չգնալը դեռ չաշխատել չէ: Իհարկե ընդունում եմ, բացակայելը վատ է, բայց համաճարակային այս իրավիճակում գոնե, օբյեկտիվ ու սուբյկտիվ պատճառներով ստիպված եմ մի փոքր ավելի զգույշ լինել քան մյուսները (առողջական խնդիրներով պայմանավորված): Հնարավորինս մասնակցում եմ խմբակցության նիստերին եւ քննարկումներին նաեւ օնլայն տարբերակով»: Իսկ ահա «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ Ռուբեն Հայրապետյանը, որը նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է եղել, նշեց. «Բացակայությունների մեծ մասը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում աշխատելու շրջանում է եղել, որ ֆիզիկապես չէի հասցնում և մի պահ նույնիսկ որոշել էի այդ պատճառով դուրս գալ ավագանուց: Ի դեպ հատուկ այդ նպատակով նաև հրաժարվել եմ փոխհատուցումից», – նշեց նա:

Այստեղ նկատենք, որ ավագանու անդամների աշխատանքն այսպես ասած չի վարձատրվում, հասարակական է, սակայն նրանց տրվում է ծախսերի փոխհատուցման համար գումար՝ նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն 68 հազար դրամ: Ստացվում է՝ Ռուբեն Հայրապետյանն այդ փոխհատուցումից հրաժարվել է: Նախ նշենք, որ ավագանու անդամների փոխհատուցման կարգը սահմանված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով. Հոդված 21-ը սահմանում է. «Ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի չափով»:

Իսկ ահա 20-րդ հոդվածի համաձայն, «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»:

Նկատենք սակայն, որ դեռ մինչ այս պահն ավագանու անդամի լիազորության դադարեցման հարց չի քննարկվել, քանի որ կան բացականեր, որոնք հարգելի են:

Նաիրա Հովհաննիսյան

Աղբյուրը ՝ Armlur.am