«Աստծուց խնդրեցի էլի տղա ունենամ ու անունն Ադամ դնեմ». Հերոսի մայրը հուզիչ նամակ է հրապարակել

594

3 ամիս առաջ երջանկությունը երկրորդ անգամ թակեց DJ Smoke-ի ընտանիքի դուռը և նա հայր դարձավ։ Նա և կինը` Գայանեն, որդի են ունեցել։ Ծնողները որոշել են փոքրիկին անվանակոչել ի պատիվ Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի՝ և իրենց որդուն տվել են Ադամ անունը։

Հերոս Ադամի մայրը` Գայանե Անտոնյանը, հրապարակել է Smoke-ի նամակն, որը վերջինս ուղղել է իրեն։

«Երբ Ապրիլյանի ժամանակ տեսա մեր բոլորի Ադամին, նրա հայացքը, աչքերը` իսկական հայ տղա, Աստծուց մի բան խնդրեցի, որ էլի տղա ունենամ (մեկն արդեն ունեի) ու անունը Ադամ դնեմ։ Ամեն անգամ մտածելիս հոգուս խորքում փափագում էի էդ պահը ու Աստված ինձ տվեց էդ ուրախությունը։

Երեք ամիս առաջ ես որդի ունեցա ու նրան անվանակոչեցի Ադամ` Ձեր որդու պատվին։ Երբ հարցնում են ինչու Ադամ, հպարտությամբ ասում եմ մեր բոլորի Ադամի պատվին»,- գրել է դիջեյը:

Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հերոսը ապրիլի 1-ի գիշերը գտնվում էր սահմանապահ դիրքերում, երբ տեղի է ունենում թշնամու լայնածավալ հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։

Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնում է նրանց զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային)։ Սակայն ուժերն անհավասար էին և Ադամն ընկնում է Հերոսի մահով։

Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։